Մրմուռ-մրմունջով կոպերն է փակում մարող երեկոն,
ասես լռվել է մի անմեռ նոթի կամ բոթի վրա,-
իր համակ լեզուն - տրտունջ ու շշունջ, ողոք ու բողոք,
բայց նրա կրծքին աճող գիշերը ուրիշ ոգի է առնում շարունակ
եւ հառնող դեմքեր ժողովում սատին իր պատանքի տակ:-
Իսկ դու ցերեկվա սիրելին էիր
եւ երկրատարած բերկրանքը նրա,
արեւատոնի ոսկե տենորը,
զեփյուռներ բերող հովվապետն էիր,
եւ սիլուետդ հուզում էր խորունկ
այն գաղտնախորհուրդ յոթ լուսիններին,
որ ցոլում էին գալիքի ծովում -
պատրաստ՝ յոթ քնար քեզ ընծայելու:-
Պառկած ես հիմա դառնության մահճում,
գիշերակեսը հատել ես վաղուց,-
անցած երեկոն կրկնակելով անցյալդ – կորավ
այն մշտաբաղձանք երկրից էլ հեռու,
եւ դու փակում ես կոպերդ՝ իբրեւ երազի ավարտ,
իբրեւ ծանուցված մի հրաշք ծեսի անխոս չեղարկում,
բայց նիրհուն անգամ, հազար պատնեշի ու սեւի միջով -
հոգիդ տեսնում է արփին գիշերվա,
որ խոնարհվում է մերթ խավար ծոցի,
մերթ լուսագանգուր եզերքի վրա…
28.06.2025
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ